Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչ ասես լսել էինք, բայց որ դպրո՞ց թալանեն...

Ինչ ասես լսել էինք,  բայց որ դպրո՞ց թալանեն...
12.11.2013 | 11:02

Մեծերի ստվերների տակ հավիտյանս ճնշված ժամանակակից քաղքենիներին ու մարտնչող միջակությունն այդ մեծամեծներով քողարկողներին, միգուցե, սոսկալի կթվա, բայց ստիպված եմ հայտարարելու, որ մեզ շրջապատող իրողությունները վաղուց իրենք իրենցով՝ «Ո՞վ ենք, որտեղի՞ց և ո՞ւր ենք գնում» հարցի պատասխանն են: Թեպետ այդ հարցի պատասխանը մարդուց էր ակնկալվում, բայց մարդն այսօր այդ ձևակերպումից նույնքան հեռու է, որքան մոտ է հետ նայելու և աղի արձան դառնալու ճակատագրական պահին: Շատ հեռվից սկսեցի: Բայց մոտիկ տեղերում պատկերն աղավաղված է ու հեռանկար է պահանջում՝ ամբողջական տեսնելու համար: Փորձեմ պարզել: Հայաստանում լրահոսն այնքան է խտացել, որ նորմալ մարդու ուղեղն այն ռեֆլեքսիայի ենթարկելու (մարսելու) ժամանակ է պահանջում: Թվում է` ի՞նչ կա որ, ի՞նչ լրահոս, ընդամենն ամայացած քաղաքական դաշտ, խառնափնթոր ու վերահսկվող քաղաքացիական ոլորտի քյանդրբազություն (հիմնականում), դրան զուգահեռ` ինքնահոս հեռացում, որ արտագաղթ են անվանել, պղտոր ջրերում ձուկ որսացող ինքնահռչակների տարաբնույթ հայտարարություններ, «դարակազմիկ» առաջարկություններ, ժողովրդին դեպի աշխարհի տարբեր ծագերը կողմնորոշելու ջանքեր ու… շիլաշփոթ: Եվ այս ամենից շատ ինձ վրա ազդեց մի, թվում է, անկարևոր ու աննշան փաստ` դպրոցի կողոպուտը կամ կողոպուտի փորձը: Հենց այս փաստն էլ իրականում պատասխանն է դարերով անպատասխան ներկայացվող հարցի`«ո՞վ ենք» և այլն: Մի խոսքով, ինչ ասես լսել էինք, բայց որ դպրոց թալանեն, չէինք լսել: Դե, քանի որ սա էլ լսեցինք, փորձենք հասկանալ, մարսել ու եթե կարողանանք, դասեր էլ քաղել:
Գողությունը կամ կողոպուտը պատմականորեն մարդու միջավայրում գոյություն ունեցող երևույթ է, որ վաղուց հաստատվել է անգամ գրականության ոլորտում, էլ չասեմ` լրագրության: Ցանկացած կողոպուտի կամ գողության փաստ մեկնաբանվել ու մեկնաբանվում է իր ժամանակի ու միջավայրի տրամաբանության շրջանակում: Եվ առհասարակ, ցանկացած հանցագործության վերլուծություն հաշվի է առնում ամենակարևորը` մոտիվը կամ դրդապատճառը: Նշածս հանցագործության կամ իմ առաջադրած համատեքստում երևույթի ամենանշանավոր ու հավիտենական օրինակը ռոբինհուդությունն է, որը ձեռք է բերել իր առանձին, բարոյական իմաստն ու դարձել տերմին, որի կիրառությունն էլ, այդ երևույթի յուրաքանչյուր առանձին դեպքի նկատմամբ, նշանակում է կոնկրետ բնութագիր: Իսկ ի՞նչ բնութագիր կարելի է տալ դպրոց թալանողին կամ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այդ երևույթը: Թեպետ ես չեմ զարմացել, որ սա տեղի է ունեցել Հայաստանում` մի երկրում, որտեղ բարոյական անկման լուրջ միտումներ կան, և որը տեղական նշանակության քաղքենիությունն իր «պատմական մեծամեծների» հաշվին համառորեն փորձում է քողարկել, ինչպես քողարկում են էպիլեպտիկ դստեր ախտանիշը, նրան ամուսնու տուն ուղարկելուց և ապագա դժբախտությունը հարուցելուց առաջ՝ ազնիվ մղումներով, իհարկե: Եվ այսպես` ո՞վ և ինչո՞ւ է թափանցում դպրոցի շենք, գողություն անելու նպատակով: Նախ՝ նշեմ, որ աշխարհն աշխարհով, Հայաստանում, բացառությամբ այն դպրոցի, որը փորձել են թալանել, գոյություն չունի մեկ այլ դպրոց կամ այլ կրթական հաստատություն, որտեղ ինչ-որ արժեքավոր բան կարող է լինել, որ ճապաղած հասարակության ամենատափակ ուղեղով ներկայացուցիչն ուզենա գողանալ: Երբ ասում ենք՝ դպրոց, արդեն գիտենք, որ դրանք, եթե քաղաքամայր Երևանի կենտրոնում չեն, ուրեմն հեռավոր սովետական հասարակարգի ժամանակներում շահագործման պահից մինչ օրս «կուսական վիճակում» մնացած` քայքայված ու լքված են, հին նստարաններով, ջարդված կահույքով, աշակերտների ծնողներից հավաքած փողով գնված անճաշակ վարագույրներով և ուսուցչի սեղանի սփռոցով, չգործող սանհանգույցով… Մի խոսքով` ախոռ, որտեղ Հայաստանի վերարտադրվող իշխանությունները կրթում են իրենց ապագա հպատակներին, կամ վերարտադրում են: Եթե այդ դպրոցները Երևանում են ու կենտրոնում` տնօրենին մի քանի կոպեկ գցելու և օլիգարխի սեփականություն դառնալու և հյուրանոցի կամ նման մի օբյեկտի վերածվելու վտանգի տակ են: Իսկ եթե Երևանում են, ու մեջը թալանելու բան կա, ուրեմն Աշոտ Բլեյանի հիմնադրած կրթահամալիրի դպրոցներից մեկն է, որ վերջերս ենթարկվեց ավազակային հարձակման` կողոպուտի փորձով: Անկեղծ ասած, ինձ էլ է անհավանական թվացել Հայաստանում գոյություն ունեցող հանրակրթական հաստատությունը, որի շենքում ոչ միայն գողանալու բան կա, այլ որը բարեկարգված է, հարմարավետ, լուսավոր, կահավորված, ջերմությամբ ու խինդով լի: Իսկ ժամանակակից Հայաստանում գոյություն քարշ տվող, քաղաքային ֆոլկլորով` մտավոր զարգացման ամենաստորին աստիճանի վրա լռված գողի համար էլ նման դպրոցում առկա նյութական արժեքը պրոյեկտորներն են, նոթբուք-նեթբուքները, էլեկտրոնային գրատախտակն ու ժամանակակից կրթություն ապահովելու համար անհրաժեշտ այլ գույք: Դե, որ ասում եմ գող, հո չի՞ նշանակում, որ նա գող էլ ծնվել է կամ գողի պետական դիպլոմ է ստացել: Դա թերարժեքությամբ տառապող մեր հասարակության լիարժեք անդամն է, ՀՀ քաղաքացին` անձնագրով, սահմանադրական իրավունքներով ու սոցիալական կարգավիճակով: Այսինքն, մեր հասարակությունն այնքան է ճապաղ, այնքան է ողորմելի, որ նրա անդամի, ժամանակակից ժարգոնով` «դուխն ու ինտելեկտը» չեն հերիքում ծրագրել ու հարուստի տուն կամ բանկ թալանել, միայն բնազդն է հուշում, որ բանկի տերը, որ նույն հարուստն է՝ օլիգարխ իմաստով, իր արյունռուշտ պահակախմբի միջոցով տեղում կսատկացնի ու օրենքի առաջ պատասխան էլ չի տա, քանզի օրենքն իրենց հագով են կարել: ՈՒստի մտնում է, ասենք` Բլեյանի դպրոց, որտեղ Բլեյանի կյանքի գնով ձեռք բերված մի քանի տեխնիկական միջոց կա: Սա էլ գողանում են, որ տանեն էժան ծախեն՝ իրենց ողորմելի գոյությունը որոշ ժամանակով երկարաձգելու միակ նպատակով: Հատկապես, որ նման փորձերը ո՛չ կանխվել են, ո՛չ էլ հայտնաբերվել: Հիշեցնեմ, որ պարբերաբար, նախկինում ոչ այնքան հաճախ, վերջերս ավելի համարձակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարբեր դպրոցներում նույն ձեռագրով հանցագործություն է կատարվել, ու հայրենի ոստիկանությունն այդպես էլ չի հայտնաբերել հանցագործին: Վերջապես հասա ոստիկանությանն ու դրանից բխող հետևանքներին` օրենքներին: Ինչպես գիտենք, Հայաստանում ոստիկանական համակարգն ամենաուռճացվածն է` ամեն երկրորդ քաղաքացուն երեք ոստիկան է բաժին ընկնում, պատասխանատու պահերին` ընդվզելու կամ իրավունքի հրապարակային պահանջի դեպքերում մարդկանց պատժելու, մահակահարելու, վերջին բառերով հայհոյելու, քաշքշելու, ծեծելու և, անհրաժեշտության դեպքում, կրակելու կամ բանտ նետելու համար: Գիտենք նաև, որ ոստիկանությունը հասարակական կարգի և հանրային գույքի պահպանման իր առաքելությունն իրականացնում է հասարակության հաշվին` պետական բյուջեից, որը ձևավորվում է դպրոցներում սովորող աշակերտների ծնողների և ուսուցիչների վճարած հարկերով: Բայց արի ու տես, որ ոստիկանությունը Հայաստանում կենտրոնացած է պետական պաշտոնյաների և օլիգարխների անձն ու սեփականությունը պահպանելու միակ խնդրի վրա: Որպեսզի Բաղրամյան-26 հասցեով` նախագահական նստավայրի մոտ, Ազատության հրապարակում կամ քաղաքի կենտրոնական մեկ այլ հատվածում մի երկու քաղաքացի հանկարծ չհավաքվի ու քաղաքական կոչ չհնչեցնի, ոստիկանությունը շուրջօրյա պարեկային ծառայություն է իրականացնում: Իսկ ահա քաղաքի մյուս թաղամասերում, այդ թվում` Մալաթիայում (Բանգլադեշ), որտեղ տեղակայված է քաղաքի միակ կրթահամալիրը, և որտեղ սովորում են հազարավոր երեխաներ, զուրկ է պետական պահպանությունից: Հարց՝ ինչո՞ւ պետք է հասարակությունը կերակրի և ուռճացնի ոստիկանական համակարգը, եթե այն չի ծառայում իր հիմնական առաքելությանը` հանրային գույքի և կարգի պահպանությանը: Մեր դժնդակ օրերում հարցս միամիտ էր, հասկանում եմ, որովհետև, օրինակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս հարցին իրեն հատուկ ցինիզմով կպատասխաներ, վկայակոչելով օրենքով սահմանած «հանրային գույք» հասկացությունն ու կամրագրեր իր անձնական երդմամբ` «շան տղա ըլնեմ»: Համաձայնելով ոստիկանապետի երդման հետ, ստիպված եմ ես էլ նշել, որ Հայաստանի իշխանությունները հանրակրթական հաստատություններն ու դպրոցները չեն համարում այնքան կարևոր ու պետական հոգածության արժանի (որոնցում կրթվում ու թողարկվում է երկրի ամենաարժեքավոր ռեսուրսը` մարդը, քաղաքացին), որ ընդգրկեն պահպանվող օբյեկտների ցանկում: Ավելին, դպրոցներն առհասարակ անտերության են մատնված, այն իմաստով, որ ցրված են տարբեր գերատեսչությունների ենթակայությունների ոլորտներում, առանց որևէ տրամաբանական հիմնավորման: ՀՀ հիմնական դպրոցների 2/3-ը գտնվում է Երևանի քաղաքապետարանի և մարզային իշխանությունների ենթակայության տակ, այսինքն` կրթության բնագավառում ոլորտի պետական քաղաքականության իրականացման պատասխանատուները դառնում են տեղական ինքնակառավարման մարմինները, ինչը, բոլորս գիտենք, թե ինչպես է անդրադառնում կրթության կազմակերպման որակի վրա: Իսկ թե այդ դեպքում ինչո՞վ է արդարացված ԿԳ նախարարության գոյությունը, նույնպես հստակ չէ: Ամեն դեպքում, մեր երկրում կառավարման պատասխանատվությունից խուսափելու հիանալի ձևեր կան մշակված: Օրինակ, դպրոցի կառավարումն ամբողջովին դրված է տնօրենի ուսերին: ՈՒ թե տնօրենը Բլեյանի պես եզակի լուսավորիչ կլինի, որը ոչ միայն կզբաղվի աշակերտների կրթության ծրագրային մեթոդաբանություն մշակելու և իրականացնելու, այլև դպրոցները տեխնիկապես զինելու հարցով, մանր գողերի աչքը լույս: ՈՒրեմն ո՞վ ենք, եթե ունենք ուռճացված ու բարձր վճարվող ոստիկանական համակարգ, որը սևեռված է Երևանի կենտրոնում քաղաքացիական ցանկացած շարժում կանխելու հարցի վրա ու բարձիթողի է արել ծայրամասերը, որտեղ դպրոց են թալանում: Կարծում եմ, յուրաքանչյուրն իր բառապաշարի ու մտավոր կարողության շրջանակում կտա այս հարցի պատասխանը, կձևակերպի: Իսկ ահա ոստիկանությունն ու պատկան մարմինները, վստահ եմ, կվկայակոչեն օրենքը, Թումանյանի ասած` «բաց կանեն, տեսնեն գրած զակոնում», որ դպրոցի շենքը չի պահպանվում, իսկ ով ուզում է, որ պահպանվի, փող պիտի տա: Այսինքն, հերիք չէ՝ հարկեր ենք վճարում, որ ոստիկանները ռոճիկ ստանան իրենց գործն անելու համար, դեռ հավելյալ փող էլ պիտի տանք: Հարց` որտեղի՞ց դպրոցին այդ հավելյալ գումարը, կամ եթե անգամ հրաշքով գտնվի, ինչո՞ւ պիտի այն ծախսվի պորտաբույծ համակարգն աշխատեցնելու և ո՛չ երբեք երեխաների կրթության ու նրանց միջավայրի կազմակերպման վրա: Այնպես որ, պետք է պահանջել, որ ոստիկանությունն իր գործն անի, իսկ եթե դրա համար օրենք է պետք, ուրեմն բարի եղեք, պարոնայք պատգամավորներ ու կրթության նախարարությունում հաստիքացուցակով գործի գնացողներ, մշակել և ընդունել այդ օրենքը: Միայն չասեք, թե չգիտեք, որ երկրի ամենակարևոր արժեքը մարդն է, ապագա սերունդը, ու նրա շահը գերակա է:


Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ